Լավագույն ճամփորդություններից մեկը

Ամեն ճամփորդությունից տուն վերադառնալուց հետո ասում եմ, որ դա կյանքիս լավագույն ճամփորդությունն է։ Բայց երկար մտածելուց հետո հասկանում եմ, որ ոչ թե լավագույնն է, այլ դրանցից մեկը։ Այս անգամ ուղևորվել էինք Վրաստան։ Ճանապարհը շա՜տ երկար էր, բայց քանի որ ես ճամփորդում էի, այս դեպքում կարող եմ ասել, լավագույն ճամփորդ-ընկերներիս հետ, կարծես թե շատ կարճ տևեց։ Երեկոյան հասանք Շեքվեթելի, որը մի փոքր հեռու էր Բաթումիից։ Մեզ շատ ջերմ ընդունեցին։ Այնքան ուրախացա, երբ տեսա Վիկտորիային, նա ինձ  շատ ջերմ գրկեց և ասաց, որ ինձ հիշում է և կարոտել է։ Մենք ճամպրուկները տարանք մեր սենյակներ և միանգամից գնացինք ծով։ Եղանակը շատ լավն էր, բայց ծովը ալեկոծվում էր։ Փրկարարները չթողեցին լիարժեք լողանք, բայց մեկ է, մեծ բավականություն ստացանք։Երեկոյան ծովափին կրակ վառեցինք և ուշացումով շնորհավորեցինք Հայկի ծննդյան տարեդարձը։ Մեր բակում կային մեծ ճոճանակներ  մենք որոշեցինք քնել դրսում,սակայն ժամը երկուսին գնացինք սենյակ։ Առավոտյան ժամը վեցին աչքերս բացվեցին, գնացի բակ. անհավատալի մաքուր օդ էր, մի փոքր զբոսնեցի աքաղաղի ձայների ներքո և հետո նստեցի իմ սիրած ճոճանակին։ Ճամբարականները հերթով սկսեցին արթնանալ։ Նախաճաշից հետո գնացինք ծովափ, իսկ երեկոյան գնացինք Ցիցինատելլա՝ դա Վրաստանի <<Մանումենտն>> էր։ Նարեկս ճանապարհին ինձ համար ծաղիկներ հավաքեց, ներս մտելուց առաջ ընկեր Մարգարիտի խորհրդով դրանք դրեցի մուտքից մի փոքր այն կողմ։ Տուն վերադառնալիս մութ էր, ուժեղ անձրև էր գալիս և այդպես էլ չկարողացա գտնել ծաղիկներս։ Հաջորդ օրը նորից առաջինը ես էի, ժամը վեցին արթնացա ու էլի մի փոքր զբոսնեցի՝ մինչև մյուսները գան։ Երբ բոլորը արթնացան, նախաճաշեցինք ու գնացինք Բաթումի։ Այցելեցինք Բաթումիի արվեստի դպրոց, ծանոթացանք դպրոցին, շրջեցինք արվեստանոցներում, իսկ հետո համերգ ունեցանք դպրոցում։ Նրանք մեծ բավականություն ստացան և դպրոցի տնօրենի հետ պայմանավորվեցինք հետագայում համագործակցել։ Այնուհետև Վիկտորյայի ու նրա ընտանիքի ուղեկցությամբ գնացինք Սարփի, որը գտնվում էր Վրաստան-Թուրքիա սահմանի մոտ՝ այստեղ ջուրն անասելի մաքուր է, թափանցիկ։ Սարփիում ջուրը հիասքանչ էր, լողացինք և վերադարձանք Բաթումի՝ երեկոյան զբոսանքի։ Անկեղծ ասած, Բաթումիում շատ էի եղել, բայց ամեն ինչին նորովի էի նայում և մոտենում։ Զբոսանքից հետո հիացած և մի փոքր հոգնած եկանք տուն։ Հաջորդ օրը ինձ համար սկսվեց նույն զբոսանքով, բայց այս անգամ ժամը հինգն անց կես։ Հետո, ինչպես միշտ, նախաճաշեցինք և գնացինք ծովափ։ Ճաշից հետո ուղևորվեցինք Թբիլիսի։ Ճանապարհը երկար էր, բայց ոչ հոգնեցուցիչ։ Նստեցինք ճոպանուղի, երկար զբոսնեցինք, հիացանք քաղաքի ճարտարապետությամբ և վերջապես գնացինք  այդքան սպասված McDonald’s-ը։ Ուտելուց հետո գնացինք այգի։ Այնտեղ երկար զբոսնեցինք, խաղեր խաղացինք մինչև գիշերը ժամը 2:30-ը, հետո  ուղևորվեցինք դեպի տուն։ Ես սահմանը անցա քնած, փակ աչքերով, քանի որ սահման հասանք ժամը երեքի կողմերը, իսկ ես վերջապես քնել էի։ Ճանապարհին կանգնեցինք Ապարանում Գնթունիքի մոտ։ Գնացինք եկեղեցի։ Ասացին, որ եկեղեցին մոտ է։ Ես և Սուրենը որոշեցինք ոտքով գնալ, մինչև մյուսները միանան մեզ։ Ճանապարհին մոլորվեցինք, բայց քանի որ ապարանցիները շատ լավն էին և բարեհամբյուր, մեզ օգնեցին գտնել եկեղեցին, նույնիսկ մի տատիկ մեզ օրհնեց, բայց մինչև գտանք, արդեն զրուցել, երգել վերջացրել էին և պիտի գնայինք։

Եվ ահա հասանք Երևան։ Համարյա բոլորը քնած էին։ Ես պետք է շուտ իջնեի և հաջողություն մաղթեցի իմ արթուն ընկերներին։ Ընկերներ ասելով ի նկատի ունեմ նաև ուսուցիչներիս։ Եվ ահա եկա տուն, մի ամբողջ օր քնեցի։ Իսկ հիմա արդեն կարոտում եմ բոլորին։ Բայց մեկ է ինձ դեռ թվում է, որ սա իմ կյանքի լավագույն ճամփորդությունն էր։ Երևի պատճառն էլ այն էր, որ այս անգամ ինձ հետ ճամփորդում էր նաև իմ փոքրիկ հրաշքներից մեկը՝ Նարեկը։

img_3278 img_3658 img_3678 img_3716_1  11650687_867179050030516_189058105_n 11655372_867189290029492_280443041_n10985037_771529329626121_6749559198605836242_n 11657375_867179430030478_475122611_n 11667206_867188780029543_155426691_n 11694171_867189116696176_933773148_n 11694220_867188200029601_1764410112_n 11694281_658523390915228_1941279958_n 11655494_658524197581814_58400904_n 11667883_658523517581882_638652434_n

Оставьте комментарий